ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Քնի իսպառ բացակայությունը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, նույնիսկ մահվան ելքի»

«Քնի իսպառ բացակայությունը հանգեցնում է  առողջական լուրջ խնդիրների, նույնիսկ մահվան ելքի»
09.09.2014 | 00:05

Անքուն գիշերներ շատերն են ունենում: Տարբեր պատճառներով ժամանակ առ ժամանակ գիշերային հանգիստը կարող է վերածվել մղձավանջի: Ե՞րբ այլևս հնարավոր չէ և խորհուրդ չի տրվում անքնության դեմ պայքարել ինքնուրույն:
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., նյարդաբան ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-Պետք է դիմել մասնագետի օգնությանը, երբ այն երկարում է, և քրոնիկական դառնալու միտումներ կան,- ասաց պարոն Խաչատրյանը։- Դա կարող է արտահայտվել դժվար քնելով, երբ պառկում են և կարծես քունը չի գալիս, երբ քունն ընդհատված է լինում, մակերեսային, ամեն հասարակ ազդակից կարող են արթնանալ: Երբ վաղ ժամերին` 4-ին, 5-ին, մարդն արթնանում է ու չի կարողանում քնել, դա նույնպես կարող է լինել անքնության (ինսոմնիա) տարբերակ: Անքնությունը կարելի է դասել երկու մեծ խմբի` երկրորդային և առաջնային: Երկրորդային, երբ կա այլ խնդիր, որի ֆոնի վրա զարգանում է անքնություն, և առաջնային, երբ այլ խնդիր չկա (գուցե եղել է, անցել) և անքնությունը դրսևորվում է որպես առանձին խանգարում: Ամենից հաճախ առաջնային խումբն է հանդիպում:
-Հաճա՞խ են անքնություն ունեցող մարդիկ դիմում մասնագետներին: Մեզանում կարծես չկա նման մշակույթ:
-Այո, Հայաստանում դա ընդունված չէ: Եթե կան այլ խնդիրներ, զբաղվում են դրանցով, անքնությունը դառնում է երկրորդական, նույնիսկ` երրորդական: Բժիշկներն էլ մեծ ուշադրություն չեն դարձնում այդ գանգատներին: Տարբեր սեմինարների, հանդիպումների ժամանակ մենք շեշտում ենք քնի կարևորությունը, քանի որ քնի ընդհատվածությունը, կրճատումն ուղղակիորեն կապված են ընդհանուր առողջության հետ` թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական:
-Շատերը, բժշկի խորհրդով կամ առանց դրա, քնաբերներ են ընդունում: Այս դեպքում չկա՞ն արդյոք կախվածություն և այլ վտանգ:
-Նայած թե ինչ քնաբերի մասին է խոսքը: Անքնությունն ունի բուժման երկու հիմնական ուղղություն` դեղորայքային և հոգեթերապևտիկ: Շատ կարևոր է նաև քնի հիգիենայի կանոններին հետևելը: Ինչ վերաբերում է քունը կարգավորող դեղերին, դրանք շատ տարբեր են, օգտագործվում են ամենալայն կիրառում ունեցող բուսական պրեպարատներից մինչև բուն քնաբերները կամ հիպնոտիկ դեղերը: Առաջինը, որ անցնում է մարդկանց մտքով կամ խորհուրդ է տրվում, բուսական ծագում ունեցող դեղամիջոցներն են: Սակայն դրանց կիրառումը ոչ միշտ է ճիշտ (եթե իսկական բուսական քնաբեր են, ոչ թե հանգստացնող). խնդիրը կարող է լիովին չլուծվել ու դառնալ քրոնիկ: Ինչ վերաբերում է բուն դեղորայքին, այդ դեպքում կիրառում ենք տարբեր շարքերի պրեպարատներ, օրինակ` բենզոդիազեպինային (դիազեպամ, լորազեպամ), հակադեպրեսանտային (ամիտրիպտիլին) և հակահիստամինային (դիմեդրոլ) և այլն: Վերջիններս ունեն որոշակի կողմնակի էֆեկտներ` սովորում են դեղերին, դեղաչափն ուժը կորցնում է, ավելացնում են չափաքանակը, առաջանում է նաև թմրածություն, մկանային թուլություն և այլն: Վերջին տարիներին դրանց փոխարինում են ավելի նոր սերնդի քնաբեր պրեպարատներ, որ ազդում են միայն քնի համակարգի վրա, չեն թմրեցնում, թուլացնում մկանները, իսկ դեղին սովորելու աստիճանն էապես ավելի քիչ է: Մարդիկ երբեմն օգտագործում են հակաալերգիկ կամ հոգեմետ դեղեր, որոնք առաջնային քնաբեր չեն, բայց ունեն քնեցնող ազդեցություն: Այս տիպի հարցերը պետք է լուծվեն մասնագետի հսկողությամբ, քանի որ կողմնակի էֆեկտները, որոնց գուցե ուշադրություն չի դարձնում հիվանդը, կարող են հետագայում ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
-Ո՞ր տարիքում է ավելի շատ հանդիպում անքնությունը:
-Բոլոր տարիքներում հանդիպում է այս խնդիրը, նույնիսկ երեխաների մոտ կա անքնության տեսակ` քնի ասոցիատիվ խանգարում, երբ երեխան սովորում է քնել ինչ-ինչ հանգամանքներում կամ ծնողի ներկայությամբ: Եթե այդ պահանջները չեն բավարարվում, խնդիր են ունենում, ուշ են քնում և գնալով պահանջները կարող են մեծանալ: Ավելի հաճախ տարեցների մոտ է հանդիպում` կապված քնի համակարգի տարիքային փոփոխությունների հետ: Բայց եթե կա խնդիր ու մարդուն չի բավականացնում քունը, անկախ տարիքից, պետք է լուծումներ գտնել: Երիտասարդ մարդկանց մոտ, որոնք հաճախ կարող են զոհաբերել քնի ժամերն այլ ակտիվությունների համար, նույնպես ռիսկերը բարձր են, մանավանդ եթե կա անքնության հակվածություն:
-Գիշերային աշխատանքն ընդունված է ամբողջ աշխարհում: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պարտադրված անքնությունը:
-Վատ ազդեցություն կարող է ունենալ, եթե մարդը չհետևի քնի հիգիենային և այդ ժամերը չլրացնի:
-Կա տարածված կարծիք, որ անքնության պատճառներից մեկը չքնելու վախն է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Դա տագնապային ֆոնի նշան է, որ ձևավորվում է քրոնիկ անքնություն ունեցող մարդկանց մոտ: Այսինքն, չքնելու վախն առաջանում է անքնության հետևանքով և հետագայում ամրապնդում է այն: Կան նպաստող գործոններ, հարուցող և պահպանող (ամրապնդող) գործոններ: Չքնելու վախը վերաբերում է վերջին խմբին:
-Երբեմն մարդիկ քնում են, բայց չեն հանգստանում: Ի՞նչն է պատճառը:
-Դա կոչվում է քնի վատ որակ: Պետք է պարզել` քունը վա՞տ է, թե՞ կան քունն ընդհատող այլ խնդիրներ, հիվանդություն, արտաքին պատճառներ: Շատ հաճախ քնի ընդհատվածության պատճառ կարող են լինել հենց քնից առաջացող այլ խնդիրներ, օրինակ, քնի շնչառական խանգարումները` խռմփոցը, քնի ժամանակ շնչարգելումը (քնի ապնոեն), երբ մարդու շնչառությունը դժվարանում կամ ընդհատվում է գիշերվա ընթացքում: Այդ մարդիկ կարող են արթնանալ չբավարարված, եթե նույնիսկ քնում են շատ երկար: Որովհետև գիշերը միկրոարթնացումներ են լինում, որոնք չեն գիտակցվում, չեն հիշվում, բայց էապես վատացնում են քնի որակը: Դա ազդում է ընդհանուր առողջության վրա: Կամ հանդիպում է անհանգիստ ոտքերի համախտանիշ կոչվող հիվանդությունը, երբ քնից առաջ ոտքերը անզուսպ շարժելու մղումներ են առաջանում կամ քնի ընթացքում ոտքերի պարբերական շարժումներ են լինում: Դա հետաձգում է քունը, ընդհատում այն, և քնի որակը բավականին ցածր է ստացվում:
Քունը բաղկացած է տարբեր փուլերից` արագ և դանդաղ, վերջինս իր հերթին լինում է մակերեսային և խոր, և մարդը պետք է այդ բոլոր փուլերով, ինչպես ծրագրավորված է նորմայում, անցնի: Եթե հերթականությունը և տոկոսային հարաբերությունը խախտվում են, գանգատներ են ունենում` չբավարարող քուն, հոգնածություն, առավոտյան գլխացավ, բերանի չորություն, ցերեկը` արտահայտված ախտաբանական քնկոտություն, երբ կարող են ոչ համապատասխան վայրերում քնով անցնել: Թեև գերքնկոտությունը դրսևորվում է նաև որպես առանձին հիվանդություն:
-Կա կարծիք, որ ցերեկային ժամերին քնելու սովորությունը բարենպաստ, կարգավորող ազդեցություն ունի: Ի՞նչ կասեք` որպես քնաբան:
-Դա շատ անհատական է, կապված է նաև տվյալ երկրի մշակույթի հետ: Իսպանիայում, իսպանալեզու երկրներում ընդունված է սիեստա հասկացությունը, երբ ճաշից հետո հանգստանում են, քնում: Եթե դա բերում է բավարարվածություն, և գիշերային քունը չի տուժում, կարող ենք այդ փաստին նորմալ նայել: Իհարկե, խորհուրդ չի տրվում մեկ-երկու ժամից ավելի քնել: Բայց եթե կա անքնության խնդիր, խորհուրդ ենք տալիս դիմադրել ցերեկը քնելու ցանկությանը, որովհետև ցերեկը քնելու դեպքում գիշերային քնի «ուժը» պակասում է:
-Որքա՞ն ժամանակ մարդ կարող է անքուն մնալ: Կա՞ն գիտական տվյալներ:
-Նպատակային հետազոտություններ չեն արվել, քանի որ քնի իսպառ բացակայությունը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, նույնիսկ մահվան ելքի: Ռազմական իրավիճակներում են նման դեպքեր եղել, ու պարզվել է, որ երկար ժամանակ չքնելը (օրերի մասին է խոսքը) կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Քունը պատասխանատու է օրգանիզմի շատ գործառույթների վերականգնման համար` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական:
-Ժամանակակից մարդն օրվա մեծ մասն անցկացնում է համակարգչի առաջ, հաճախ՝ քնի հաշվին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության մասին ի՞նչ կասեք:
-Դա քնի հիգիենայի ամենակարևոր կետերից է: Կա խորհուրդների համակարգ, որին հետևելով, եթե լուրջ խնդիր չկա, կարելի է կարգավորել քունը: Առաջնահերթ սահմանափակում ենք անկողնում, առհասարակ, ննջասենյակում կատարվող գործողությունները` հեռուստացույց դիտել, համակարգչով աշխատել, հեռախոսով խոսել, գիրք կարդալ, ուտել և այլն: Հակառակ դեպքում անկողինը դառնում է արթուն վիճակի վայր, և պայմանական ռեֆլեքսի կապը թուլանում է: Երեկոյան ժամերին պետք է հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, ուտեստներից (սուրճ, թեյ, շոկոլադ, կոլաներ): Շատերն ասում են` ես սուրճ խմում եմ ու շատ լավ քնում: Դա մի այլ իրավիճակ է. գուցե կոֆեինը քնի անցնելու կետի վրա չի ազդում, բայց քնի որակն անպայման տուժում է: Կան նաև այլ կետեր. ուշ ժամերին ծանր, մեծ քանակությամբ սնունդ չուտել, քնին մոտ ժամերին ծանր ֆիզիկական աշխատանք կամ մարզանք չանել: Եթե օրգանիզմը ակտիվացնում ես, հետո դժվար է քնում: Հաճախ են անքնությունից բողոքում նաև քրոնիկական հոգնածություն ունեցող մարդիկ, քանի որ այդ վիճակը թույլ չի տալիս նրանց հանգստանալ քնի միջոցով:
Բարերար ազդեցություն կարող է ունենալ կաթնամթերքը, առաջին հերթին՝ կաթը, որպես չմշակված կաթնամթերք, որովհետև կաթի մեջ կա տրիպտոֆան ամինաթթու, որը մեր օրգանիզմում վերածվում է մելատոնինի: Դա այն նյութն է, որ արտադրվում է, և մեր քունը տանում է:
-Անքնության տարածվածության մասին կա՞ն վիճակագրական տվյալներ:
-Ըստ վիճակագրության` ԱՄՆ-ում բնակչության 10-15 տոկոսն ունի քրոնիկ անքնություն, ինչը մեծ թիվ է բժշկական տեսանկյունից: Տարբեր հիվանդությունների համար մենք խոսում ենք 100-ից 1-ի, 1000-ից 1-ի, 100 000-ից 10-ի մասին: Իսկ արդեն 100-ից 15-ը լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ քիչ քնող մարդկանց մեջ ընդհանուր հիվանդացությունն ավելի մեծ տոկոս է կազմում նորմալ քնող մարդկանց համեմատ:
-Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեր երկրում:
-Մեզ մոտ մեկ պաթոլոգիայով ենք հարցում անցկացրել, պարզելու համար անհանգիստ ոտքերի համախտանիշի տարածվածությունը Երևանում: Մեծահասակների շրջանում այն կազմել է 7,9 տոկոս: Սա բավական մեծ թիվ է և համընկնում է եվրոպական թվերին: Հայտնի է, որ Արևմուտքում ավելի հաճախ է հանդիպում այս խնդիրը, քան ասիական երկրներում:
Քնի խանգարումների հայկական ասոցիացիան իր էջում անցկացրել է հարցում անքնության վերաբերյալ: Հարցվածների շրջանում 30 տոկոս է կազմել քրոնիկ անքնությունը, որը բավականին մեծ թիվ է: Դա չի վերագրվում ամբողջ բնակչությանը, պաշտոնական հետազոտություն չէ, բայց օգտակար է հասկանալու համար, թե ինչ է կատարվում:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ